Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսում անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրումը։
Նա ասել է, որ առողջապահության համակարգը պատրաստ չէ ապահովագրության ներդրմանը և որոշվել է հիմա դա չանել, գրում է «Առավոտը»։
«Մենք աջակցել ենք առողջապահության նախարարությանը վերլուծական աշխատանք կատարելու մեջ։ Աշխատել ենք նաև նախագծման փուլում և տարբեր փուլերում մեր կարծիքներն են հայտնել դրա վերաբերյալ։ Մենք մասնակցել ենք համապարփակ ապահովագրության հետ կապված բոլոր հաշվարկները նայելու, ստուգելու եւ մեր սցենարներն առաջարկելու աշխատանքին։
Բայց այստեղ, երբ խոսքը գնում է առողջապահական համակարգի պատրաստվածության հետ կապված, մենք կարծիք հայտնել չենք կարող, որովհետեւ առողջապահության մասնագետներ չենք։ Այստեղ խնդիրը համակարգի պատրաստվածությանն էր վերաբերում, որի պատճառով որոշում է կայացվել այս պահին դա չանել։ Ես, ճիշտն ասած, ձեր փոխարեն լինեի, կուրախանայի դրանից, ոչ թե կտխրեի»,- ասել է նա։
Ֆինանսների նախարարը հավելել է, որ երբ կառավարությունը կորոշի, որ ծրագիրը պատրաստ է գործարկման, այն ժամանակ էլ կգործարկվի։ Որոշ սցենարներ կան, որոնց ուղղությամբ քննարկումներ են ընթանում։
Ըստ Հովհաննիսյանի՝ ճիշտ կլինի, որ առողջապահության նախարարությունը հայտարարի փաթեթների և արժեքների մասին։
Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով դիտարկմանը, որ 2025–ի պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման համար, ասել էր, որ համակարգի ներդրման համար որոշակի վերապահումներ կան և շատ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում։
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը նախատեսվում էր ներդնել 2024-ից փուլային եղանակով: Հայտարարվել էր, որ փաթեթի գինը չի հաշվարկվելու մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու է հաստատուն ծառայությունների արժեք: Նախատեսվում էր, որ 2025-ից պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից, իսկ 2027-ից՝ պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար։