ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԼՂ շուրջ բանավիճելու նախկին նախագահներին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, գրել է, որ վերջինիս այլ բան չի մնում դառն իրողությունից ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,–գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ, որը Լևեն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են իրենց ներկայացուցիչների միջոցով։ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հարցին և կրկնել իր հրավերը։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։






