AM
26 December 2024 - 11:01 AMT

Բեգլարյան․ ՀՀ իշխանությունը չի աջակցել, նույնիսկ երբեմն խանգարել է COP29-ում գերիների հարցը բարցրաձայնելուն

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին եւ Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ COP29-ը հնարավորություն էր, որ Ադրբեջանի կողմից կատարված կամ կատարվող հանցագործությունները, իրավախախտումները լուսաբանվեն միջազգային լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հայտնում է «Առավոտը»։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները չեն աջակցել, նույնիսկ երբեմն խանգարել են, COP29-ում գերիների հարցը բարցրաձայնելուն:

«Մենք տեսանք, որ հիմնականում իրավապաշտպան կամ բնապահպանական կազմակերպությունները, լրատվամիջոցները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Ադրբեջանի ներքին մարդու իրավունքների խնդիրներին, բռնաճնշումներին, ներքին քաղբանտարկյալներին, քան հայերի հանդեպ տեղի ունեցած հանցագործություններին․

«Դա և բռնի տեղահանումն է, և շրջափակումը, և այնտեղ գտնվող գերիները, բռնի անհետացած անձինք: Այո, որոշ չափով սփյուռքի տարբեր կառույցների աջակցությամբ, հայաստանյան քաղհասարակության աջակցությամբ որոշակի ձայն կարողացել ենք բարձրացնել, բայց քանի որ այստեղ ՀՀ իշխանությունները ընդհանրապես որևէ նախաձեռնող քայլ չեն կատարել, որևէ ձևով չեն աջակցել, նույնիսկ երբեմն խանգարել են, նաև այդ պատճառով մենք չենք կարողացել ավելի շատ մեր ձայնը բարձրացնել և ավելի կազմակերպված կերպով քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա»,–ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։