ՀՀԿ ԳՄ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տարվա ամփոփիչ ասուլիսում ասել է, որ ՀՀ-ում իշխանափոխությունը ընդդիմության հիմնական նպատակն է և դա բխում է մեր երկրի անվտանգությունից։
Նա նշել է, որ ԱԺ խորհրդարանով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հեռանկարը այդքան էլ հեռու չէ։ Նա նկատի ունի իշխող ՔՊ-ում սկսված գործընթացը՝ Հովիկ Աղազարյանի հեռացումը, դրան հետեւած Հակոբ Ասլանյանի հեռացումը եւ սպասվող հնարավոր հեռացումները, գրում է «Առավոտը»։
Մամիջանյանը կարևորել է հանրային լայն աջակցությունն ընդդիմադիր ուժերին, փողոցային պայքարն ու դրա նշանակությունը՝ առանց արտաքին ուժերի աջակցության։
«Եթե իշխանության ես գալիս այս կամ այն ուժերի աջակցությամբ, բացի հայ ժողովրդից, ավելի շատ հաշվետու ես լինում այդ ուժերին, քան ՀՀ քաղաքացիներին»,–ասել է նա։
Նա նշել է նաև, որ իրեն՝ Հայկ Մամիջանյանին և ՀՀԿ-ին, «մեր երկրի աղբը դեն նետելու համար»՝ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար «ոչ Oк, ոչ էլ դաբրո» պետք չէ։ Նա նաև զգուշացրել է՝ առաջիկա պայքարում ՀՀԿ-ն լինելու է ամենավտանգավոր և ամենապատասխանատու տեղերում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին ՝ ուղղված ՀՀ երեք նախագահներին էլ, ՀՀԿ ԳՄ անդամն ասել է․ «Բանավիճող էիր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չորս տարի է՝ բանավեճի հրավեր է անում Արցախյան հակամարտության հետ կապված։ Վերջերս Վարդան Օսկանյանն է բանավեճի հրավեր արել։ Քո նպատակն է, որ ժողովուրդն իմանա, չէ՞, ի՞նչ տարբերություն՝ ում հետ ես բանավիճում, վեր կաց, բանավիճիր։ Ժողովուրդ ջան, այս բանավեճի պատմությունը՝ հավաքվել են ՊՈԱԿ-ով ու այլնով ու գծել են այս ամենը, գծել են Փաշինյանի ստատուսները, գծել ու ուղարկել են բոլոր երեսփոխանների ստատուսները, որոնք հոխորտալով խոսում են նախագահների մասին՝ Արթուր Հովհաննիսյանից մինչև Արեն Մկրտչյան, էն փափուկ խաղալիքի շորերով ելույթ ունեցող տղան։ Այդ ամենը գծված սցենար է, ընդ որում, դրան հաջորդ արար էլ կա։ Ես կանխատեսում եմ, կներես, պարոն Փաշինյան, եթե հաջորդ փարթիդ փչացնում եմ, որ հես ա մի թուղթ է գտնելու, օրինակ, Սլովակիայի որևէ վերլուծական կենտրոնի մշակած փաստաթուղթ, ասելու է՝ տեսեք, այստեղ գրված է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Սա տևական շոու է, մի քանի ամիս գնացող»։
ՀՀԿ ԳՄ անդամը նաև պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ե՞րբ է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հայտնում է Factor.am-ը։
Մամիջանյանը հավելել է, որ արտահերթ ընտրությունն իմաստ չունի, որովհետև «որտեղ ընդդիմադիրը հաղթում է, տանում փակում են»։
Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանը նշել է. «Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ՝ թե՛ այստեղ, թե՛ միջազգային մի քանի ամբիոններում ասել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Տարեթիվը չեմ հիշում, բայց ԵԽԽՎ-ում Սերժ Սարգայանն ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբաջանի կազմում»։