AM
27 December 2024 - 08:04 AMT

ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025-ի դեկտեմբերի 31–ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջնաժամկետի երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն «անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար», հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։

ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շահառու են ոչ միայն 2023թ․-ին Արցախի հայաթափման հետևանքով ՀՀ–ում ապաստանած արցախցիները, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները` սկսած 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից։

Վերջին տվյալներով՝ այսօր արդեն 3300 ընտանիք օգտվել է տրամադրված 10-ական միլիոն աջակցությունից և ՀՀ տարբեր մարզային բնակավայրերում՝ քաղաքային և գյուղական, անշարժ գույք է ձեռք բերել։