AM
27 December 2024 - 09:06 AMT

Օրենքի խախտմամբ օտարված մոտ 730 մլն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է պետությանը

Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը. ՀՀ–ին է վերադարձվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Կառույցը պետշահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի օգոստոսի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանի վճռի հիման վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ կադաստրային արժեքով 12,400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: