Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը ներողություն է խնդրել, որ հնարավոր չեղավ իրագործել նախանշված ծրագիրը։ Սրբազան շարժման առաջնորդն ընդգծել է՝ մի քանի անգամ հայտարարել ու ընդունել է, որ զանազան անհաջողություների ու վերջնական արդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իրենն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իր «համբուրելի ժողովրդին»։
«Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն վերստին պետք է շեշտեմ, որ մենք գործելու ենք, ոչ թե հնարավո՞ր է, թե ոչ, այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե ոչ այս չարիքին հեռացնելը: Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա թվարկել է անցնող տարում շարժման հավաքները, հանդիպումները։ Բագրատ Սրբազանն ընդգծել է, որ ճշմարտության համար պայքարի առաջնագծում կանգնածները՝ գործարարներ, բժիշկներ, զոհված տղաների ծնողներ ու մյուսները ենթարկվել են հետապնդումների, ահաբեկումների տեղեկատվական ու ֆիզիկական դաշտում, որոնց մասնակից են դարձել ֆեյքեր, ոստիկանության աշխատակիցներ։
«Ունեցանք մայիսի 9-ը, որն ապացուցեց, բոլոր նրանք, որ կարծում էին մեր ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին, մեռած է, սխալվեցին։ Մայիսի 9-ը մեր արթնության սկիզբն է ու վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել»։
Ի՞նչ ունենք այսօր։ Բոլոր առումներով տապալված սահմանադրական կարգ, թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն, պարտադրված սահմանազատում, խաղաղության կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձումներ, ադրբեջանցիների «վերդարձի» պահանջ, Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ, Բաքվի բանտերում պահվող պատանդառված հայրենակիցներ, քաոսի, թշնամության ու ատելության սերմանում, սոցիալական անարադարություն, թմրամոլության ու խաղամոլության տարածում, փողի ու իշխանության պաշտամունք և այլն, և այլն»,-ասել է նա։