AM
27 December 2024 - 10:55 AMT

ԱԱԾ գլխավոր վարչության պետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միակ թեկնածուն է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիել Իոաննիսյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։

Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։

Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»,–ասվում է գրառման մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում էր գրել 2024–ի նոյեմբերին։ Նա այն պաշտոնյաների թվում էր, որոնց առաջարկվել էր հեռանալ պաշտոնից։ Փաշինյանը, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, ավելի ուշ ասել էր, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։