Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանն ասել է, որ ստիպված է առաջադրվել վարչապետի թեկնածու՝ ժողովրդի ու կուսակցությունների պահանջով։
Սրբազանը շեշտել է, որ ինքը երբեք չի ունեցել ցանկություն վարչապետ դառնալու։
«Դա եղել է ժողովրդի ցանկությամբ և կուսակցությունների առաջադրմամբ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ ամբողջ շարժման, պայքարի մեջ իշխանափոխությունը փոքրիկ բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ, պետք է մտածել արժեքային, քաղաքակրթական փոփոխությունների, ինքնության վրա տարաբնույթ հարձակումների մասին, գրում է Panorama.am-ը։
Շարժման՝ այս պահին նպատակին չհասնելու պատճառների, սխալների մասին հարցին ի պատասխան, Բագրատ Սրբազանն ասել է, որ հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն։
«Ժամանակ չունեինք այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու համար, ինչպես նաև որոշակի վստահությունը, որ ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամաբ, որոնք ինչ-որ ձևով չեն իրականացրել։ Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, ոչ քաղաքական ուժեր։ Ես չեմ կարող շատ բան ասել, անկեղծ, իմ բարոյականությունը թույլ չի տալիս»,-ասել է նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատասխանատուն ինքն է։
Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը ներողություն է խնդրել, որ հնարավոր չեղավ իրագործել նախանշված ծրագիրը։ Սրբազան շարժման առաջնորդն ընդգծել է՝ մի քանի անգամ հայտարարել ու ընդունել է, որ զանազան անհաջողություների ու վերջնական արդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իրենն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իր «համբուրելի ժողովրդին»։