AM
7 January 2025 - 07:23 AMT

Փաստաբան․ Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, ապա նույն գործողությունների համար մեղադրում ու կալանավորում

2 ամսով կալանավորված՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանի պաշտպանականը թիմը պնդում է՝ թե՛ Խաչատրյանի կալանավորումը, թե՛ նրան առաջադրված մեղադրանքը զուրկ են իրավական հիմքերից:

Նրա փաստաբան Արմեն Անդրիկյանն ասել է․ «Անհասկանալի է։ Այդ գործողություններից հետո պարոն Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, և անցնում է դրանից 4.5 տարի, այդ նույն գործողությունների համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում», հայտնում է «Ազատությունը»։

Մոտ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում։

Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամենը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել։

Ծավալուն քրեական գործից Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել: Իրավապահները շեշտում են, թե Խաչատրյանը, որ պատերազմի ընթացքում զորքերի հարավային խմբավորման հրամանատարն էր, անփույթ է եղել իր ծառայողական պարտականություններին: Ավելի կոնկրետ՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով և մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Գեներալ-լեյտենանտի փաստաբան Արմեն Անդրիկյանը հակադարձել է, թե իրավապահների ներկայացրածն իրականության հետ կապ չունի:

«Այո, ինչ-որ հետևանքներ տեղի են ունեցել, իրադարձություններ, որ ասում եք, տեղի են ունեցել, բայց դրանք կապված չեն Տիրան Խաչատրյանի կողմից դրսևորված, այսպես կոչված, անփույթ վերաբերմունքի հետ։ Մենք ասում ենք, որ անփույթ վերաբերմունք չի եղել, այն գործողությունները կան անգործությունը, որոնք որ ՔԿ-ի կողմից մեղադրանքում նշվել է, չեն եղել, և դա որևէ պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում Տիրան Խաչատրյանի գործողությունների և հետևանքերի միջև», – ասել է նա։

Կոմիտեից պնդում են, թե նախկին բարձաստիճան զինվորականի գործողությունների հետևանքով է ձախողվել բնագծի պաշտպանությունը, խարխլվել զորքերի կառավարման համակարգը, որի հետևանքով հակառակորդը տիրացել է ոչ միայն ռազմավարական բարձունքի, այլև իր տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։

44-օրյա պատերազմի պարտության հարցում Փաշինյանը տարբեր առիթներով մեղադրանքի սլաքներն ուղղել է զինվորականներին։ Խորհրդարանական ընդդիմության գնահատմամբ՝ Տիրան Խաչատրյանի շուրջ տեղի ունեցողը հենց դա է փաստում։

«Կա քաղաքական որոշում, և այդ քաղաքական որոշման հիման վրա կազմվել են կոնկրետ թիրախներ, և այդ թիրախներից մի մասը ձերբակալվում է, մի մասին ուղղակի թիրախավորում են, մի մասը քննադատության առարկա է դառնում, մի հատվածի մասին ասում են ամեն ինչ, այն, ինչ որ իրենց պետք է իրենց ընդհանուր քաղաքականության սպասարկման համար», – «Ազատության» հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա պնդում է, թե Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական որոշում է, տեղյակ չէ՝ ինչի համար է Նիկոլ Փաշինյանը նրան Ազգային հերոսի կոչման արժանացրել։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր պարզաբանել, որ պատերազմի շրջանում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի առաջարկով էր Տիրան Խաչատրյանին շնորհվել Ազգային հերոսի կոչում։