Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս (hMPV) չի հայտնաբերվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
ՀՀ–ում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։
Մարդու մետապնևմավիրուսը (hMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:
Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:
Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝
Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ,
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները,
Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով,
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ,
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
«Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։