AM
7 January 2025 - 13:11 AMT

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Կոնչիտա Վյուրստի մասին Անուշ Արշակյանի խոսքերից հետո ծագած սկանդալի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը, վճիռ է հրապարակել «Եվրատեսիլ 2014»–ի մասնակից Կոնչիտա Վյուրստի մասին երգի մրցույթի հայաստանցի ժյուրի Անուշ Արշակյանի խոսքերից հետո ծագած սկանդալի գործով, գրում է «Առավոտը»։

Դատարանը բավարարել է հետևյալ փոխհատուցումը. ոչ նյութական վնասի համար՝ 2000 եվրո յուրաքանչյուր դիմորդին, ծախսերի և վճարների համար՝ 1067 եվրո դիմորդներին համատեղ։

Դիմումատուները 14 ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք բոլորն ակտիվիստներ են, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ և հետազոտողներ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների ոլորտում, ներառյալ՝ ԼԳԲՏ և կանանց իրավունքների պաշտպանությունը։

Նախապատմությունը հետևյալն է. Aravot.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանցի ժյուրի Անուշ Արշակյանը Կոնչիտա Վյուրստի մասին ասել էր. «Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել և այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսևորումների հանդեպ»: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքից հետո, թե այս մեկնաբանությունը խտրական, ատելություն պարունակող, անհանդուրժողական է՝ նա և քույրը՝ Ինգա Արշակյանը փորձել էին հրաժարվել ասածից, մինչև «Առավոտը» հրապարակեց խոսքի ձայնագրությունը:

Դրանից հետո «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Ինգա և Անուշ Արշակյանները ներողություն խնդրեցին Aravot.am-ին տված հարցազրույցում արտահայտած պնդումների համար: Նույն ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործիչները հարցեր էին գրել երգչուհի քույրերին, քննադատել: Քննադատողները հետագայում իրենք էլ թիրախավորվեցին: