Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։
«Քանի որ Երևանի քաղաքային իշխանությունները խելքները գլուխները չեն հավաքում ու այնուամենայնիվ փորձում են փետրվարի 1-ից տրանսպորտը թանկացնել, և քանի որ նրանց հետ խոսելն այլևս անիմաստ է, Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ:
Ակնկալում եմ պատասխան՝ այս կարևոր խնդրի վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։
Մարությանը հարցն ուղղել է Փաշինյան-Պապիկյան հանդիպման տեսանյութի մեկնաբանությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։