AM
8 January 2025 - 08:39 AMT

2025-ի մարտից հետո սոցաջակցության ծրագրից կօգտվեն ԼՂ-ից տեղահանվածների խմբեր

Հունվարից ԼՂ-ից տեղահանվածների համար կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով, 2025 թ․ մարտից հետո սոցաջակցության ծրագրից կօգտվեն ԼՂ-ից տեղահանված առանձին խմբեր, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝

· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,

· 63 և ավելի տարեկաններ,

· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։