AM
8 January 2025 - 10:01 AMT

Սնուպ Դոգի համերգը չի կայանա. Գումարը վերադարձնելու համար ԿԳՄՍՆ–ն դիմել է կազմակերպիչներին

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգը չի կայանա, իսկ կազմակերպման համար տրամադրած բոլոր գումարները պետական բյուջե վերադարձնելու համար դիմում է ներկայացվել կազմակերպիչներին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ամեն անգամ, երբ լրագրողներն այս հարցով դիմել են ինձ, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչն այդ պահին ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից։ Ես գիտեմ, որ նրանք ամբողջ տարվա ընթացքում բանակցել են, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ–ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Այսինքն` քանի որ համերգը նախատեսված ժամանակում չի կայացել , ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,– ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի սեպտեմբերի 13-ին ռեփեր Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ–ն արձանագրել էր, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1.8 մլն դոլար։