ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ամփոփելով 2024-ի աշխատանքները, ասել է, որ կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն 6100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն։
«Այս պահին կարող ենք ասել, որ տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգի միաժամանակյա կիրառությամբ 300,000-400,000 դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1600 ուսուցիչ, 400,000 և ավելի վարձատրություն ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, ինչը մոտ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատանքի գրավչության կարևոր ցուցանիշ է, թե քանի ուսուցիչ է գրանցվել համակարգում։
«Անցած տարում մենք տեսել ենք, որ մեր դպրոցներ մուտք գործող նոր ուուցիչներn ավելի քան 3300-ն են, ինչը նշանակում է, որ մեր աշխատանքները, որոնք ուղղված են ուսուցիչների աշխատանքի գրավչության և մրցունակության բարձրացմանը՝ արդյունք են տալիս։ Նոր ուսուցիչների ավելի քան 56 տոկոսը աշխատանքի են անցել գյուղական դպրոցներում։ Հատկանշական է, որ ուսուցիչների 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են, սա նշանակում է, որ մեր պայմանները ավելի են խրախուսում տղամարդ ուսուցիչների մուտքը համակարգ»,–ասել է նախարարը։