AM
8 January 2025 - 10:37 AMT

Նախարար․ Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակում պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի մշակման աշխատանքներն իրականացվել են գերմանական ճարտարապետական հեղինակավոր GMP ընկերության կողմից։ Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընթացքի մեջ են նախապատրաստական մյուս աշխատանքների պայմանագրերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ, հայտնում է Factor.am-ը։

Ակնկալվում է, որ Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն:

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: