ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 7–ի հայտարարության վերաբերյալ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա:
Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։