AM
9 Հունվար 2025 - 09:19 AMT

ԵՄ առաքելություն․ ՀՀ–Ադրբեջան սահմանին արտասովոր տեղաշարժեր չեն գրանցվել

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի հատվածում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

Նշվել է, որ սահմանին արտասովոր տեղաշարժեր չեն գրանցվել։

«Հունվարի 6-8-ը EUMA-ն պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմից՝ մշտադիտարկելու և զեկուցելու սահմանային գոտում որևէ անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին: Բոլոր պարեկախմբերը հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտասովոր շարժ չի նկատվել»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում քննադատել է ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ–ում՝ Ադրբեջանի հետ սահմանին ու նաև սպառնալիքներ հնչեցրել դիտորդների հասցեին։

«Առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության ոչ միայն երկարաձգեցին այդ առաքելության ժամկետը, ընդլայնեցին, այլև խաթարեցին վստահությունը՝ հրավիրելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի»,- ասել է նա: