AM
10 January 2025 - 06:28 AMT

ԱԳՆ․ Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն։

«Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, համայնքային կառույցների հետ»,- ասել է Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ–ն իր կարեկցանքն է հայտնել Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների հետևանքով տուժածներին: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Մեր կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում տուժածներին, նաև ողբերգական մահերի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, հետևանքների վերացում և վերադարձ բնականոն կյանքին»,–ասվում է գրառման մեջ։

Պաշտոնական տվյալներով` հրդեհների հետևանքով 10 մարդ է մահացել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ հրդեհները դեռ չեն մեկուսացվել, զոհերի թիվն էլ կարող է ավելանալ: Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։

Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7–ից բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն:

Լոս Անջելեսում հրդեհի հետևանքով հարյուրավոր հայեր կորցրել են իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները։ Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը։ Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ապաստանի կարիք ունեն։