ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան։ Դատարանում հարցաքննված մոտ 50 վկայի ցուցմունքներն ամբողջությամբ Հարությունյանի դեմ են եղել։ Այդ մասին հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
Նա նշել է, որ գործն ավարտական փուլում է՝ եզրափակիչ ելույթների, մեղադրողը և տուժող կողմը ներկայացրել են եզրափակիչ ելույթները՝ միջնորդելով մեղավոր ճանաչել Հարությունյանին, հայտնում է «Փաստինֆոն»։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին նշանակված դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթով հանդես կգա, ինչից հետո դատարանը կհրապարակի վճիռը։
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։
Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։