AM
10 January 2025 - 06:56 AMT

Մուրադյան․ Մետապնևմավիրուսն ավելի թեթև է, քան գրիպը, բայց վտանգ կա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մետապնևմավիրուսն ավելի թեթև է, քան գրիպի վիրուսը, բայց վտանգ կա, և պետք է պատրաստ լինել։

Նա նշել է նաև, որ այն կառավարելի վիրուսների շարքում չէ՝ այսինք, չունի դեռևս իր պատվաստանյութը, հիվանդությունից խուսափելու համար պետք է պահպանել այն կանոնները, որոնք առհասարակ գործում են համաճարակների դեպքում։

«Պատրաստ լինել նշանակում է, որ հանրային առողջապահական կուլտուրան հասարակության մեջ պետք է այնպես լինի, որ նման լուրերը չընկալվեն որպես տագնապալի: Այսինքն, սա իրազեկվածության դաշտում է: Պետք է իմանալ ինչ անել, պետք է համակարգը պատրաստ լինի և, ըստ իս, պետք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք ենթարկվում են պատվաստումների»,- ասել է Մուրադյանը:

Նա նշել է, որ մետապնևմավիրուսը նոր չէ, այն հայտնի է 2001 թվականից, սակայն շրջանառվում է արդեն մոտ 60 տարի։

Չինաստանում մետապնևմավիրուսի բռնկում կա։

Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս (hMPV) չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մարդու մետապնևմավիրուսը (hMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ: