AM
10 January 2025 - 09:37 AMT

Խաչատրյան․ Առևտրի խոշոր օբյեկտներում հրդեհային անվտանգությանն առնչվող խախտումների 95%-ը վերացված է

Հայաստանում գործող առևտրի խոշոր օբյեկտներում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող խախտումների ավելի քան 95%-ը վերացված է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ամփոփելով 2024 թվականը։

Նրա խոսքով՝ 2024 թվականին տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմինը 2300-ից ավելի ստուգում և հետազոտություն է իրականացրել։ Արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 4500 խախտում, գրում է Sputnik Արմենիան։

«2023 թվականին տեսչական մարմինը Հայաստանի բոլոր խոշոր առևտրի օբյեկտներում իրականացրել է հրդեհատեխնիկական հետազոտություններ, ու բոլոր այն դեպքերում, երբ խախտումներ են հայտնաբերվել, ապա որոշվել է դադարեցնել դրանց գործունեությունը։ Այդ ժամանակ նաև կարգադրագրեր են տրվել խախտումները վերացնելու համար։ 2024 թվականի ընթացքում կրկին նույն հետազոտություններն են իրականացվել, և եթե նույն խնդիրները կրկին հայտնաբերվել են, ապա ևս մեկ անգամ որոշվել է դադարեցնել գործունեությունը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ օբյեկտներում արձանագրված խախտումների 95%-ը և ավելին վերացված է»,- նշել է Խաչատրյանը։

Անդրադառնալով խնդիրներին` նա ասել է որ օբյեկտներում հիմնականում էլեկտրականությունն են ոչ պատշաճ մոնտաժում, հաճախ բացակայում են նաև հրդեհաշիջման համակարգերը, ծխահեռացման համակարգերը, տարհանման ելքերն էլ ոչ պատշաճ են կահավորված լինում և այլն։

2024 թվականի 2 եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ էր իրականացրել է «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոններում։ «Սուրմալուն» փետրվարի 20-ից շուրջ 3 շաբաթ փակ էր։

Խոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ Իսակովի պողոտայում գործող «Դոմուս» հիպերմարկետում, խոշոր հրդեհ բռնկվեց, պարզվեց` մասնաճյուղը ՔՏՀԱ տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ Բայց ընկերությունը չէր դիմել ավարտական ակտի համար, քանի որ այդ շենքը մինչ այդ ունեցել է պետական գրանցում (նման գրանցում է անում Կադաստրի կոմիտեն), իսկ տեսչական մարմինը 2024-ին հիպերմարկերտում վերահսկողական գործառույթ չէր իրականացրել։