AM
10 January 2025 - 10:30 AMT

Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ,44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ընդունել է անհետ կորածների հարազատներին։ Թե ինչ հարցեր են քննարկել անհետ կորածների հարազատները պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, պարզ չէ։

Նրանք կարճ հանդիպումից հետո հեռացել են առանց լրագրողների հետ զրուցելու, հայտնում է «Ազատությունը»։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել է, որ հանդիպմանը մասնակցում է 3-4 ծնող, անձամբ ինքը ներկա չէ, քանի որ այդ հանդիպումը տեխնիկական բնույթի է, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հայտնել է, որ ծնողները գնացել են ճշտելու, թե երբ է լինելու լսումների օրը։

Խորհրդարանական լսումների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ փակել էին Բաղրամյանի պողոտան՝ հանդիպում պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և պահանջելով, որ վերջինս հրապարակի հանձնաժողովի եզրակացությունը։ Քոչարյանը հրաժարվել էր ընդունել բոլոր հարազանտներին՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման, ինչն էլ անընդունելի էր անհետ կորածների հարազատների համար։ Նրանք շարունակեցին մնալ փողոցում, ավելի ուշ նրանց մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս պայմանավորվել է հարազատների հետ՝ կազմակերպելու հանդիպում՝ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել` խորհրդարանական լսումներ անցկացնելու: