AM
10 January 2025 - 14:03 AMT

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ օրհներգի քառատողերի տեղերի փոփոխմանը

ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն։

Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` և կարճ, և վոկալային, և գործիքային տարբերակները, եւ դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով օրհներգի կարճ տարբերակի սահմանմանը, օրհներգի խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության դրույթներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ 2006 թվականին հաստատված տարբերակով օրհներգը հնչեցնելու պարտավորություն կա հանրակրթական դպրոցներում եւ բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաեւ նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այն տրամաբանությամբ, որ պետական քաղաքականությունը պետք է միասնական լինի բոլոր կրթական հաստատությունների պարագայում:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով․

«Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։