AM
10 January 2025 - 15:02 AMT

Մարության․ Հուսով եմ` Փաշինյանը կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու հարցիս

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատասխան չի ստացել իր այն հարցին, թե ինչ է մտածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարնսպորտի ուղեվարձի թանկացումների մասին։

Նա հույս է հայտնել, որ Փաշինյանը «կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»։

«Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տարնսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին։

Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարիին․ ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա և հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։ Մարությանը հարցն ուղղել է Փաշինյան-Պապիկյան հանդիպման տեսանյութի մեկնաբանությունում։