AM
13 January 2025 - 09:14 AMT

Ավինյան․ Կիսատ-պռատ աշխատող գծեր են մարդիկ տեսնում՝ ավտոբուսի 225 վարորդի կարիք կա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարզվել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդների պակաս կա։ Ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանն ասել է, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղում նախատեսված 4541 շարժակազմից գործել է ընդամենը 3205-ը՝ 1336-ով պակաս։ Թերակատարման հիմնական պատճառն է հունվարի 1-ից շահագործման հանձնված 171 նոր ավտոբուսի համար վարորդների անհրաժեշտ թվի բացակայությունը, հայտնում է Panorama.am-ը։

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։

Տիգրան Ավինյանը ընկերության տնօրեն Կիրակոսյանից հետաքրքվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը, որպեսզի հիմա նման խնդիր չունենային, հայտնում է Factor.am-ը։

«Կիսատ-պռատ աշխատող գծեր են մարդիկ տեսնում. ինչի պիտի բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել: Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»,- ասել է քաղաքապետը։

Նա հավելել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50.000 անց կա և հանձնարարեց մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը:

Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ին հայտարարել է, որ 171 նոր ավտոբուսները երթուղի են դուրս եկել։ Քաղաքացիները հունվարի առաջին տասնօրյակում դժգոհում էին, որ նաև մասնավորին պատկանող երթուղիներում փոխարինված ավտոբուսներն այդքան էլ լավ չեն աշխատում, և իրենք ստիպված են երկար ժամանակ սպասել կանգառներում։