AM
13 January 2025 - 09:28 AMT

Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում․ 2 կալանավորված կա

Քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողի գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-1000 դրամ արժեքով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հունվարի 9-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են և նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:

2025-ի հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: