AM
13 January 2025 - 10:53 AMT

Անհետ կորածի հարազատ․ ԱԺ լսումները նախատեսվում են հունվարի 29-ին կամ 30-ին

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարզատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությաբ, տեղի կունենան կամ հունվարի 29, կամ 30-ին։ Այդ մասին հայտնել է անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, թե լսումները տեղի կունենան այս ամսվա ընթացքում։

Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով։

Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում: Նրանց հարազատները հույսը չեն կորցրել, որ մեղավորները կպատժվեն:

Հունվարի 10–ին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ,44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ընդունել է անհետ կորածների հարազատներին։ Թե ինչ հարցեր են քննարկել անհետ կորածների հարազատները պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, պարզ չէ։ Խորհրդարանական լսումների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ փակել էին Բաղրամյանի պողոտան՝ հանդիպում պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և պահանջելով, որ վերջինս հրապարակի հանձնաժողովի եզրակացությունը։ Քոչարյանը հրաժարվել էր ընդունել բոլոր հարազանտներին՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման, ինչն էլ անընդունելի էր անհետ կորածների հարազատների համար։ Նրանք շարունակեցին մնալ փողոցում, ավելի ուշ նրանց մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս պայմանավորվել է հարազատների« որից հետո հանդիպում կազմակերպվեց Անդրանիկ Քոչարյանի հետ։