Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն իր հոդվածում գրել է, որ տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
Նա նշել է նաև, որ Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, հայտնում է «Առավոտը»։
«Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճշգրտության դիվանագիտությունն է մեր պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:
Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքստով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը»,–ասվում է հոդվախում։
Նա նշել է նաև, որ ժամանակը սպառվում է և ընտրության տարբերակները քիչ են։
«Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել: Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:
Որևէ երկիր չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպիսի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսեսուսի ձևավորման նպատակով»,–ասվում է հոդվածում։
Այվազյանը նշել է նաև, որ արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը ներքին համախմբման համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին:
«Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների, պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝ հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի»,–ասվում է հոդվածում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։