ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով «Եվրաքվեի» նախաձեռնությանը, կարծիք է հայտնել, թե ՀՀ–ն երբեք չի դառնա ԵՄ անդամ՝ աշխարհաքաղաքական ճշմարտություն է։
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Կարծում եմ՝ ԵՄ իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ պետք է ասեն իրականությունը։ ՀՀ-ն, բարեբախտաբար թե ցավոք, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Դա աշխարհաքաղաքական ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք «պսակվելու»»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։
Անդրադառնալով ՌԴ-ի կտրուկ արձագանքին՝ Աշոտյանն ասել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը մսխվեց Արցախի հարցով, հիմա էլ մսխվում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ բալանսը։
«Մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը, միայն 2013 թվականին կնքված գազային պայմանագիրը Հայաստանին այս տարիների ընթացքում առնվազն 8 մլդ դոլարի օգուտ է տվել։ Այն կնքվել էր Սերժ Սարգսյանի կողմից, ժամանակին շատ քննադատվեց, բայց ՀՀ-ին մեծ օգուտներ է բերել։ Էլ չասեմ, թե ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչքան միլիարդների օգուտ ենք ստանում՝ ֆիզիկական անձանց մակարդակից մինչև պետբյուջեի»,–հավելել է Աշոտյանը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։