Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։
«Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,-շեշտել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա խաղաղություն է մաղթել Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։
«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին։
Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։