AM
13 January 2025 - 13:21 AMT

Փաշինյանը Եվրախորհրդի նախագահին ասել է՝ ՀՀ կառավարությունը չի շեղվի խաղաղության օրակարգից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ՝ շնորհավորելով նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթելով, ինչպես նաև գոհունակություն արտահայտելով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Կոշտայի հարցին ի պատասխան Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն առաջիկա հարմար առիթներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Փաշինյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել Բաքվին՝ հրապարակելով դրանք ֆեյսբուքյան իր էջում։ Նա առաջարկել է կնքել Խաղաղության պայմանագիր, փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթից, շարունակել սահմանազատումը, լուծարել Մինսկի խումբը և այլն։Նա նշել է, որ երբ Բաքուն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, դրանով փակում է որևէ քննարկման հնարավորություն։