Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խնդիր է դրված մինչև ընտրություններն ունենալ Սահմանադրության նոր տեքստ:
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ։ Մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա նաև ասել է, որ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա և պատասխանել այն հարցին, թե գործող Սահմանդրության մեջ ի՞նչն է վատ։
«Գործող Սահմանադրության մեջ շեշտադրումներն են ոչ տեղին։ Շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Մեր խնդիրը պետք է լինի Սահմանադրության շատ սեղմ, բայց բովանդակային ճիշտ տեքստ ունենալը։ Ապագայում օրենքների փոփոխության հարցեր են բարձրաձայնվելու, որպեսզի ամեն ինչում հղում չկատարվի Սահմանադրությանը։ Ընդ որում, ուզում եմ շեշտադրել, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահմանադրությունում փոփոխություն անելու ոչ մի բան չկա։ Ես այս հարցը համարում եմ փակված։ Այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն»,–ասել է նախարարը։
Գալյանն անդրադարձել է նաև այն հարցադրումներին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունները կապված են այլ երկրների պահանջների հետ։
«Դա անտեղի է, նույնիսկ 2019 թվականին մենք ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ և այդ աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով չեն հանգել վերջնարդյունքի։ Ես՝ որպես նոր նախարար, պետք է ստանձնեմ պարտականություն և պարտավորություն, ի վերջո, մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն կարող է տալ կամ չտալ միայն ժողովուրդը, քանի որ դա միայն կարող է լինել հանրաքվեի միջոցով»,–ասել է նա։
Գալյանը նաև ասել է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նախատեսում են կառուցել 2 կամ 3 նոր շենք․
«Հստակ որոշում չկա դեռ՝ որ դատարանների համար, այսինքն՝ թե որ դատավարություններն այդ շենքերը կսպասարկեն, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ առնվազն առկա է որոշում, որ պետք է գնանք դատարանների շենքային պայմանների բարելավման, միջազգային ստանդարտներին համահունչ չափանիշների սահմանման և դատարանների նոր շենքեր ունենալու ճանապարհով»,–հավելել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։