AM
15 January 2025 - 07:02 AMT

Միրզոյան․ ԱՄՆ-ի հետ միջուկային գործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ ենք սկսում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն բանակցություններ է սկսում ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։

Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի հայկական կողմի հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։

Միրզոյանը հավելել է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրվել է Վաշինգտոնում, ձևավորում է ամուր հիմք և համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։

«Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։

Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն պետքարտուղար, և Ձեր թիմին այս ճանապարհին` մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։

Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար։

Ուրախ ենք նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում»,–ասել է Միրզոյանը։

Նա հայտարարել է, որ, նայելով ապագայինշ, ՀՀ–ն ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։