AM
15 January 2025 - 08:00 AMT

ԱՊՊԱ ոլորտում սպասարկման և ծառայությունների որակի բարելավման համար կներդրվի նոր ռազմավարություն

ԱՊՊԱ ոլորտում սպասարկման և ծառայությունների որակի բարելավման նպատակով առաջիկա տարիների համար նախատեսվում է համապատասխան ռազմավարություն ներդնել։ Այդ մասին ասել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

Նա մանրամասնել է, որ ռազմավարությունը ներկայում քննարկվում ու համաձայնեցվում է շահագրգիռ կողմերի հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Այնուհետև այն կընդունվի խորհրդի կողմից, և կանցնենք առաջ։ Այն իրենից ենթադրում է 2-4 տարվա ռազմավարություն»,-ասել է Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ ռազմավարության շրջանակում նախատեսվում է ազատականացնել հատուցումների վերին շեմը, որը ներկայում կազմում է անձնական վնասի համար 3․3 միլիոն դրամ, իսկ գույքայինի՝ 1․8 մլն դրամ։

«Կսահմանվի նվազագույն հատուցման չափ, բայց ապահովագրական ընկերությունները, ցանկության դեպքում, մրցակցային տարրով պայմանավորված, կարող են ավելի բարձր սահմանել այդ շեմը։ Որոշ դեպքերում վթարը մեծ է և, քանի որ պարտադիր ապահովագրությունը նվազագույն սոցիալական ինչ-որ խնդիրների լուծման համար է, ապա նվազագույն գումար է սահմանվել, բայց եթե ցանկանան ավելի մեծ գումար հատուցել, հնարավորություն կտրվի դրա համար»,-ներկայացրել է Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը։

Ռազմավարության նպատակներից է նաև վթարի պատճառի և վնասի փորձաքննությունների առավելագույն ավտոմատացումը, որպեսզի նվազեցվի փորձագետների աշխատանքը դրանում։ Հաջորդ քայլով նախատեսվում է վթարված ավտոմեքենաների վերանորոգումը խրախուսել՝ կանխիկ գումարի վճարման փոխարեն։

«Այսինքն՝ ապահովագրական ընկերությունները մեքենայի վերանորոգումը կազմակերպությունների միջոցով ապահովեն, ոչ թե գումարը վճարեն, քանի որ վթարված մեքենաների վարորդները որոշ դեպքերում դրանք չեն վերանորոգում և շարունակում են այդպես վարել, իսկ այդպիսի մեքենաները վտանգ են ներկայացնում»,-պարզաբանել է Եղիազարյանը։

Անձնական վնասների փոխհատուցումը բժշկական հաստատություններին փոխանցելու գործընթացն ավելի արագացնելու համար ապահովագրողների բյուրոյի ASWA հարթակը կինտեգրվի առողջապահական ու իրավական համակարգերին։

Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ Հայաստանում պատահարների հավանականությունը շատ բարձր է և ռազմավարությամբ նախատեսվում է աշխատանք տանել նաև այդ խնդրի լուծման շուրջ։

«Պետք է պետական տարբեր մարմինների հետ աշխատել։ Սա բազմաշերտ խնդիր է՝ ներառելով ճանապարհային երթևեկության կարգավորումների վերանայում, ճանապարհների որակ և ամենակարևորը՝ վարորդների վարքագծի վրա ազդեցություն։ Այդ առումով մտածում ենք անհատական ռիսկերի վրա հիմնված սակագներ զարգացնել։ Օրինակ՝ յուրաքանչյուր անձի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հաշվի առնելով՝ սակագները տարբերակված լինեն, որը կարող է կանխարգելիչ դեր կատարել, որպեսզի վարորդները վարելուց ավելի զգույշ լինեն, քանի որ և՛ տուգանքով են տուժելու, և՛ սակագների վրա կարող է ազդել»,-ներկայացրել է Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ բացի այդ կան նաև համապատասխան ծրագրեր, համակարգեր, որոնք գրանցում են վարորդի վարքագիծը՝ այդպիսով կանխարգելիչ դեր կատարելով։ Դրա ներդրմամբ ակնկալվում է, որ վարորդներն ավելի կարգապահ կլինեն՝այդպիսով շահելով ավելի ցածր սակագներ՝ ապահովագրական պայմանագրեր կնքելիս։