ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը, անդրադառնալով ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը, շեշտել է, որ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետկառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Հունանյանը կանոնադրության ստորագրությունը պատմական իրադարձություն է անվանել։
«Հունվարի 14–ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունն` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի։
Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:
Ընդգծում եմ. Հայաստան֊ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցներն ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել»,–ասվում է գրառման մեջ։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։