ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, անդրադառնալով ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը, նշել է, որ ուժեղ գործընկերները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ։
Նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ստորագրելով փաստաթուղթը, նոր հանգրվանի հասցրեցին երկկողմ հարաբերությունները։
«Ուժեղ գործընկերները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու մեր համատեղ հանձնառությունը։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ն ՀՀ-ում մոտ 3․3 մլրդ դոլարի ներդրում է արել՝ աջակցելով ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և կայունությանը, հումանիտար օգնություն տրամարդելով, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։
Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,- ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։