AM
15 January 2025 - 09:56 AMT

Նախարար․ Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք բնակարանների կառուցման հավաստագիր է ստացել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասուլիսում հայտնել է, որ 2024–ին 58․5 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին, իսկ առհասարակ երեք աջակցության ծրագրերով, ընդհանուր առմամբ, տրամադրվել է մոտ 89 մլրդ 370 մլն դրամի աջակցություն։

Նա նաև տեղեկացրել է, որ Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանների կառուցման համար, հայտնում է «Առավոտը»։

«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին արդեն ակտիվություն սկսվեց բնակապահովման ծրագրի շուրջ, և 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցներն արդեն կարող են սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը։ Մեր բոլոր ծրագրերի մասով մենք հընթացս ունեցել ենք լավարկումների, փոփոխությունների անհրաժեշտություն և գրեթե միշտ վերադարձել ենք կրկին այդ նախագծերին, որը բնական գործընթաց է»,–ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ այս ձմռան ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան Արցախից բռնի տեղահանված բոլոր անձինք, իսկ ապրիլ ամիսից աջակցությունն ավելի թիրախային կդառնա։

«Սրա նպատակը աշխատանքն ու զբաղվածությունը խթանելն է, ինչպես նաև բնակապահովության ծրագիր ուղղորդելը»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ մոտ 25 հազար արցախցիներ համարվում են զբաղված։ Մի մասը պետական աջակցության ծրագրերով են ընդունվել աշխատանքի, բայց նրանց մեծ մասն ինքնուրույն են աշխատանք գտել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծ։