Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով թիմակիցների և մի խումբ քաղաքացիների հետ դուրս էր եկել տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիայի, լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանությունն այլ տարբերակ չի ունենա, քան «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը։
Նա նշել է, որ բոյկոտելու եղանակները բազմաթիվ են՝ կարելի է գործադուլ, դասադուլ անել, չօգտվել տրանսպորտից՝ ինչպես 2013-ին, հայտնում է Aysor.am-ը։
«Կան ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր, կքննարկենք այդ տարբերակները։ Բոյկոտի ձևերից մեկը կարող է լինել նախ այն, ինչ մինչև հիմա հնչել է՝ դասադուլ, գործադուլ։ Մյուս տարբերակը՝ չօգտվել տրանսպորտից, մյուսը մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, ու առաջ գնալ, մարդիկ կան, ասում են՝ ընդհանրպես չենք վճարելու։
Բազմաթիվ են, կհիշեք 2013-ը, երբ ընդվզում եղավ, նույն մեթոդներն էին գրեթե։ Մարդիկ նույն գինն էին տալիս, կամ միմյանց իրենց մեքենաներով տեղափոխում էին։ Դա, բնականաբար, սիմվորլիզմ է, որպեսզի բոյկոտը դեր խաղա»,-ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ քաղաքային իշխանությունները կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված
«Լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն և կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված։ Մի ամիս հետաձգեցին, կարծում էինք՝ հասկացան, բայց այնուամենայնիվ փետրվարի 1-ից ուզում են թանկացնել տրանսպորտը, որն անընդունելի է թե՛ մեր, թե՛ ժողովրդի համար։ Մենք կանգ չենք առնելու, պետք է պայքարենք, որովհետև անհավանական պայմաններ են մարդկանց համար»,-ասել է Մարությանը։
Նա նաև իրենց առաջարկն է ներկայացրել. «Այն, ինչ տեղի է ուենում, այդ տարբերակներին կողմ ենք, ուղղակի ասում ենք մեկ ուղևորափոխադրման համար վճարել 100 դրամ»։