Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական կողմից զենքերի համար վճարված գումարը պիտի պակասեցվի միջպետական պարտքից։
ՀՀ իշխանությունը բազմիցս հայտարարել են, որ ՌԴ–ն չի մատակարարել պայմանագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան, մինչդեռ գումարները փոխանցվել են: Որոշ տվյալներով, գումարը մոտ 250 մլն դոլար է կազմել։
Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են․ ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը, հայտնում է Factor.am-ը։
«Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ և, բնականաբար, ունենք գործող պայմանագրեր, պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր։ Սրանք հարցեր են, որից ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մենք չենք խուսափում և չպիտի խուսափենք»,- ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։






