AM
15 January 2025 - 14:47 AMT

Պապիկյան․ Էսկալացիայի հիմքեր չեմ տեսնում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիսում, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքների, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին հայտարարություններին, ասել է, որ Էսկալացիայի հիմքեր չի տեսնում։

Նա նշել է, որ ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորվի հավասարակշռված քաղաքականությամբ, բեռը չպետք է դրվի միայն զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա․ դա լուծում չէ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք համատեղ ջանքերով, նաև երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը հավելել է, որ ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ինքն այսօր տարածաշրջանն էսկալացնելու համար հիմքեր չի տեսնում։ Վստահ է՝ ցանկացած հարցի դեպքում Հայաստանը պատրաստ է ներկայացնել իր առաջարկներն ու պատկերացումները խաղաղության համար։

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր»,- ասել է նախարարը։

Այն հակընդդեմ հարցին, թե արդյոք եղել են հիմքեր նախորդ ագրեսիաների համար, Պապիկյանն ասել է, որ չի ցանկանում քննարկել անցյալի իրադարձությունները:

Ըստ նրա՝ տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։

Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններից հետո ադրբեջանական Telegram ալիքներում տարածվող տեսանյութերին, թե զորքերի տեղաշարժ է նկատվում, Պապիկյանը շեշտել է` ՀՀ ԶՈւ համար դրանք տեսանելի չեն եղել։

«Ես պաշտպանության նախարարն եմ, շարքային քաղաքացի չեմ, պետք է հիմքեր ունենամ նման բան ասելու համար։ Որևէ զորաշարժ մեզ համար տեսանելի չէ»,– նշել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Փաշինյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել Բաքվին՝ հրապարակելով դրանք ֆեյսբուքյան իր էջում։ Նա առաջարկել է կնքել Խաղաղության պայմանագիր, փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթից, շարունակել սահմանազատումը, լուծարել Մինսկի խումբը և այլն։Նա նշել է, որ երբ Բաքուն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, դրանով փակում է որևէ քննարկման հնարավորություն։