Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով ՀԱՊԿ հետ հարաբերություններին, ասել է, որ քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել վերաբերմունքն ու դիրքորոշումը, ՀՀ դիրքորոշումը լեգիտիմ է։
«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022թթ. և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, խոսում են նրա մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով, բայց միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով», – ասել է նա, գրում է «Ազատությունը»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
«Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքրոշումը չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո։ Ես կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է ու բխում է ՀՀ շահերից։ Մենք պետք է ունենանք արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծել իր խնդիրները», – հավելել է ռազմական գերատեսչության ղեկավարը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը: