Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է ավելացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատազրկման ժամկետը։
Վճիռը հրապարակվել է հունվարի 15–ին: Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը նշել է, որ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառման հսկողության վարչության պետ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի բողոքները, հայտնում է Sputnik Արմենիան։
Հանցանքների համակցման սկզբունքով վերջնական պատիժը սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ Սա նշանակում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ սահմանված 1 տարի 8 ամսվա պատիժը խստացվել է՝ ավելացնելով ևս 3 ամիս։
Դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մնացած մասով անփոփոխ է մնացել։
Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը նշել է․ «Պաշտպանական կողմն առայժմ գրավոր որոշումը չի ստացել, ուստի մեկնաբանել չենք կարող»:
Նա հավելել է, որ որոշումը ստանալուց հետո կքննարկվեն հետագա քայլերը։
Քրեական գործը, որով Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ անձի առողջությանը վնաս հասցնելուն։