Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման նոր կարգը: Առաջարկվող հատուցման նոր մոդելը լուծում է արտակարգ իրավիճակներում գտնվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության թեմային, նշել է, որ պետք է վերանայել ծնողական պատասխանատվությունն ու մոտեցումները։
«Եթե մեզանից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, ուրեմն նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ սա ոչ միայն ընտանեկան դաստիարակության, այլև հանրության առողջ լինելու և քաղաքակրթության մակարդակի կարևոր հարց է։
Որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ներդնել այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Առաջարկվող բանաձևն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ բազային արտակարգ վճար, բնակարանային նպաստ, խնամակալի աջակցություն: