AM
18 January 2025 - 07:29 AMT

Արշակ Կարապետյանը, Աջապահյանը և Բազեյանը «Համահայկական միասնական խորհուրդ» են հիմնում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ նոր ուժ է ստեղծում Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի և Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Այն կկոչվի «Համահայկական միասնական խորհուրդ» և նպատակ ունի համախմբել հայ ժողովրդին և ուղղել ջանքերը Հայաստանի ազգային անվտանգության և պետականության պահպանման վրա։

«Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիմնադիրները շեշտում են, որ «Համահայկական միասնական խորհուրդը» հիմնված է Ազգ–Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, ինչը, ըստ նրանց, կդառնա պետության վերականգնման և հաղթանակի հիմքը։ Նրանք կարևորում են Հայաստանի երբեմնի հեղինակության վերականգնումը և ռազմաքաղաքական կապերի ամրապնդումը դաշնակից և բարեկամ երկրների հետ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել զինվորականներին, հոգևորականներին և Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր հայերին՝ հանուն ազգային շահերի պաշտպանության։

Հայտարարության վերջում նշվում է. «Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։ Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության»։