AM
18 January 2025 - 07:31 AMT

«Փաստ»․ Զինծառայողներին տրամադրվող արձակուրդները կերկարացվեն, սպաները կկարողանան հիփոթեքով բնակարան ձեռք բերել

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է բարելավել զինծառայողների սոցիալական պայմանները՝ ավելացնելով արձակուրդների տևողությունն ու բնակարանների տրամադրման նոր կարգեր սահմանելով։

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է առաջարկություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր զինծառայողների արձակուրդի օրերի քանակը և փոխել սպաների համար բնակարանի ձեռքբերման գործընթացը, հայտնում է «Փաստը»։

Համաձայն նախագծի՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդի տևողությունը ծառայության ընթացքում կդառնա 21 օր, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն իրականացնող զինծառայողներին՝ 30 օր։ Այս արձակուրդները կտրամադրվեն ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։ Միևնույն ժամանակ, զինվորական երդման արարողության կապակցությամբ առաջարկվում է տրամադրել լրացուցիչ երկու օր արձակուրդ։

Ընդունված լրացումներով՝ այժմ 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն կարող են անցնել նաև 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, ովքեր նախկինում չեն ծառայել, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիները՝ վճարման միջոցով։ Այս խմբերի համար նույնպես կկարգավորվի արձակուրդի տրամադրման հարցը։

Ինչ վերաբերում է սպայական կազմի զինծառայողներին, նախագծում առաջարկվում է փոխել բնակարանների տրամադրման ձևաչափը։ 2022 թվականի կարգավորումների համաձայն՝ սպաներին տրամադրվում էին 75-80 քմ մակերեսով ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ։ Սակայն այժմ առաջարկվում է հնարավորություն ընձեռել սպաներին՝ իրենց կարիքներին համապատասխան բնակարաններ ձեռք բերել հիփոթեքային վարկավորման միջոցով, որի համար կգործի պետական աջակցության ծրագիր։

Այս փոփոխությունները, սակայն, պետբյուջեում լրացուցիչ միջոցների կարիք են առաջացնելու։ Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականին և դրանից հետո տարեկան կպահանջվի մոտ 550 միլիոն դրամ ֆինանսավորում։

Մանրամասները ներկայացված են «Փաստ» օրաթերթում։