AM
20 January 2025 - 07:38 AMT

ՀԱԿ–ն անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների «ակնհայտ և բացարձակ անտարբերությունը» ԼՂ գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների «ակնհայտ և բացարձակ անտարբերությունը» Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի հարցում։ Կուսակցությունն իր հայտարարությամբ դատապարտում է ոչ միայն Ադրբեջանի կողմից կազմակերպված դատավարությունները, այլ նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունն ու անգործությունը։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք 1992 թվականից ի վեր բանակցություններում ճանաչել են Արցախի ղեկավարներին որպես լեգիտիմ գործընկերներ, առաջին հերթին պետք է պահանջեին նրանց ազատությունը։ Սակայն նրանց լռությունը խորացնում է անարդարությունը։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջանական հաշտեցման և խաղաղության հաստատման օրակարգի անբաժանելի մաս։ Նրանք պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի խմբի երկրներին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին և Եվրոպական խորհրդարանին՝ ներկայացնելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի ոտնահարումը»,- ասված է հայտարարությունում։

ՀԱԿ-ը դատապարտել է նաև հայկական հանրության մեջ հնչող ցանկացած մեղադրանք, ուղղված գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարներին՝ շեշտելով, որ կարևոր է նրանց կյանքը, առողջությունը և անվտանգ վերադարձը հայրենիք։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։