AM
22 January 2025 - 12:41 AMT

ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն. ԱԺ–ում քննարկվում է նախագիծը

ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն։ Այդ մասին Ազգային ժողովում նախագծի առաջին ընթերցման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը եկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից:

Սիսակ Գաբրիելյանը, նախագիծը ներկայացնելիս, ընդգծել է, որ պետական խորհրդանիշների կարգավորման նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ստանդարտ, որը կներառի հստակեցված տեքստ, տևողություն, երաժշտական կառուցվածք, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակ՝ 25-30 վայրկյանի սահմաններում, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքերով՝ «օրհներգը պետք է սկսվի և ավարտվի Հայաստանի մասին խոսքերով»։ Գաբրիելյանը նաև հավելել է, որ օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ-ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհրապարակի օրհներգի հաստատված տարբերակը, իսկ օրհներգի ձայնագրությունը կներկայացվի մի քանի ձևաչափով՝ ներառյալ ակապելա և նվագախմբի տարբերակները:

«Ամենատարբեր ժամանակներում և միջոցառումների ընթացքում օրհներգը կատարվել է տարբեր ձևերով: Օրինակ, ԱԺ նստաշրջանի մեկնարկին հնչեց այն տարբերակը, որն այժմ առաջարկվում է օրենքի նախագծով։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր գործընկերներն արտահայտվեցին՝ պնդելով, որ դա օրենքի խախտում է։ Սակայն, ես շարունակում եմ պնդել, որ դա չի հակասել օրենքին, քանի որ որևէ պաշտոնական տարբերակ նախկինում հրապարակված չի եղել»,- ասել է Գաբրիելյանը:

Գաբրիելյանը նաև նշել է, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում, նույն այդ տարբերակը հնչել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ղազարյանը, իր հերթին ընդգծել է, որ ընդդիմության հավաքներից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը նույնպես կատարել է նույն այդ տարբերակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի փոփոխությունները հրատապ են և անհրաժեշտ:

«Պետական խորհրդանիշների հանդեպ մեր վերաբերմունքը պետք է լինի ամբողջական և ներդաշնակ։ Սա թույլ կտա խուսափել այն իրավիճակներից, երբ որևէ միջոցառման ընթացքում հնչում է օրհներգի տարբերակ, որը, մեղմ ասած, արժեր չլսել»,- ընդգծել է նախարարը:

Անդրեասյանը նաև հավելել է, որ անհրաժեշտ է խրախուսել հանրային միջոցառումների ընթացքում օրհներգի համատեղ կատարումը ներկաների կողմից:

2024 թ. նոյեմբերի 28-ի ՀՀ կառավարության նիստում որոշվել էր փոփոխել օրհներգի կառուցվածքը՝ վերջին քառատողը դարձնելով 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողերը տեղափոխելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրհներգի ուղերձը պետք է սահմանափակվի հետևյալով. «Նայիր նրան երեք գույնով՝ նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: