Երևանի քաղաքապետարանը մտադիր է 2025 թվականին 250 նոր ավտոբուս և 45 տրոլեյբուս գնել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման որակը։
«Շատերդ տեղյակ եք, որ նախորդ տարի ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասը արդեն շահագործվում է և սպասարկում է մեր քաղաքը։
Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք, և վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։
2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։ Այս քայլերը հնարավորություն կտան էլ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը»,–ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։